«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան

Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան

Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները նույնպես համարվում են օտար մարմիններ:

 

Պատճառները

 

Ականջում օտար մարմնի հայտնվելու պատճառները բաժանվում են երկու խմբի. էնդոգեն, երբ այն տեղի է ունենում ամնիջապես ականջում, և էկզոգեն, երբ օտար մարմինը արտաքին աշխարհից է մտնում ականջի անցուղի:

 

Լսողական գեղձերի սեկրեցիայի դեպքում մեծ քանակությամբ ծծումբ է արտազատվում, առաջացնելով ծծմբային խցաններ: Անկախ օտար մարմնի առաջացման պատճառից, այն պահանջում է հեռացում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև բուժում, բորբոքումը վերացնելու համար:

 

Կենդանի և ոչ կենդանի օտար մարմիններ

 

Բոլոր օտար մարմինները, որոնք կարող են լինել ականջի մեջ, բաժանվում են երկու խմբի՝ կենդանի և ոչ կենդանի: Առաջիններն առավել հաճախ ախտորոշվում են տարվա տաք եղանակներին այն մարդկանց մոտ, ովքեր վերադարձել են բացօթյա հանգստից: Ականջի անցուղու օտար մարմիններ կարող են լինել միջատները, տզերը, տզրուկները, որոշ մակաբույծների թրթուրները, որոնք ականջի մեջ են մտնում, երբ մարդը պառկում է խոտերի վրա կամ լողում բացօթյա ջրերում: Կենդանի մարմինների մշտական շարժումներն առաջացնում են ցավ և քորի զգացողություն` ականջում, և, գրգռելով նյարդաթելորը, կարող են առաջացնել փսխում, գլխապտույտ:

 

Երեխաների մոտ ականջում կենդանի օտար մարմնի առկայութունը հաճախակի նոպայաձև ցնցումների պատճառ կարող է դառնալ:

 

Հատկապես վտանգավոր են մի շարք միջատներ, քանի որ դրանք թունավոր նյութեր են արտադրում, որի ազդեցությունից առաջանում է լսողական անցուղու նեկրոզ , ինչը զգալիորեն բարդացնում է հիվանդի վիճակը :                      

 

Ականջի մեջ կարող են հայտնվել նաև ոչ կենդանի օտար մարմիններ՝ տարբեր քարեր, հուլունք, պլաստիկի կտորներ, մետաղական տարրեր, փայտի կտորներ կամ ավազ:

 

Եթե ոչ կենդանի օտար մարմինը չի վնասում հյուսվածքները, ապա այն ավելի պակաս վտանգավոր է, քան` կենդանին:

 

Այդ պատճառով, եթե կասկածվում է ականջի մեջ օտար առարկայի առկայություն, պետք է շտապ դիմել բժշկի:

 

Որոշ դեպքերում արտաքին հետազոտությունը թույլ չի տալիս պարզել օտար մարմնի առկայությունը, ինչի պատճառով միշտ չէ, որ հնարավոր է ինքնուրույն հաստատել խնդիրը:

 

Ախտորոշում


Որոշ հիվանդների մոտ ախտորոշումը սահմանափակվում է բժշկի կողմից ականջի անցուղու կատարված հետազոտմամբ, որի ժամանակ ամնիջապես հայտնաբերվում է օտար առարկա կամ ծծմբային խցան: Այս դեպքում այցի ժամանակ որոշվում են նաև հեռացման մոտեցումները:

 

Եթե դժվար է ախտորոշել ականջում օտար մարմնի առկայությունը, ապա կիրառվում են լրացուցիչ ախտորոշիչ մեթոդներ.

 

  1. Օտոսկոպիա. ականջի անցուղու և թմբկաթաղանթի հետազոտման գործիքային մեթոդ է, որը թույլ է տալիս բացահայտել օտար մարմինը, բորբոքումը և հյուսվածքների նեկրոզի զարգացումը:
  2. Միկրոօտոպոպիա. լսողական անցուղու, թմբկաթաղանթի, միջին ականջի հատուկ մանրադիտակով հետազոտություն, եթե թմբկաթաղանթը պատռված է,
  3. Գլխի ռենտգեն. իրականացվում է ականջի խորքային կառույցներում օտար մարմին հայտնաբերելու համար, որն իրականացվում է, եթե վնասվածքի ժամանակ օտար տարր է ներթափանցում: Մեթոդը թույլ է տալիս որոշել նաև վնասի աստիճանը:
  4. Գլխի համակարգչային տոմոգրաֆիա (ՀՇ). անհրաժեշտ ախտորոշիչ ընթացակարգ է`ականջում օտար մարմնի ճշգրիտ տեղակայումը որոշելու համար այն տարածքում, որը հնարավոր չէ որոշել օտոսկոպիայի միջոցով:     
  5. Մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). օգտագործվում է նույն նպատակով, ինչ ՀՏ-ն:                           

 

Եթե ականջում առակ է օտար մարմին, կատարում են նաև լաբորատոր հետազոտություններ: Դրանք, սովորաբար, իրականացվում են բորբոքման և բակտերիալ վարակի կասկածի դեպքում: Հիվանդին կարող են նշանակվել արյան ընդհանուր քննություն, ականջի քսուքի մանրէաբանական հետազոտություն:

 

Ինչպե՞ս է հեռացվում օտար մարմինը


Կախված օտար մարմնի չափերից և թե ինչ խորությամբ է թանփանցել, այն հեռացվում է ականջի անցուղին լվանալու, գործիքային կամ վիրաբուժական եղանակով:

 

Բուժումն իրականացնում է քիթ-կոկորդ-ականջաբանը:

 

Չի կարելի ինքնուրույն հեռացնել օտար մարմինն` ականջից, քանի որ մեծ է հյուսվածքները վնասելու հավանականությունը և հետագա վարակի տարածման վտանգը:

 

Կանխարգելումը


Ականջում օտար մարմին հայտնվելու հիմնական կանխարգելիչ միջոցներն են. գլխի վնասվածքների կանխարգելումը, ականջի հիգենայի կանոնների պահպանումը, լսողական սարքեր կրելու ուղեցույցներին հետևելը, աշխատավայրում` պաշտպանիչ ականջակալներ կրելը, անվտանգության կանոնների պահպանումը` բնության գրկում, հելմինթոզ ախտահարումների ժամանակին բուժումը: Երեխային վաղ տարիքից անհրաժեշտ է բացատրել ականջի մեջ օտար առարկաներ դնելու վտանգի մասին:
           

20.02.2023